Մտասևեռումն իմ մեջ վաղուց ու անընդհատ կար, պարզապես հարմար պահի էի սպասում: Եթե որոնման տենդում էլ չէի, գոնե առիթը ձեռքիցս բաց չէի թողնելու: Այդ մեկը` հաստատ: Անկման, մարդու անկման տապալող թափը իր մեջ մի ստվերոտ, թանձր շերտ ունի, որից դենը մարդու մտքերը շաղվում են: ՈՒ տակը մնում է գայթակղությունը, վարագույրի փեշը հետ տանելու գայթակղությունը, գոնե մեկ կենսագրությամբ պարագծված սահմաններում մտովի մասնակիցը դառնալու չարաղետ վայրէջքի: Որովհետև երևույթը սրվում է օր օրի, ատամի սուր ցավի պես ուղեղիդ միջով անցնում, խփում է սրտիդ: ՈՒ հարցը կախվում է օդում` ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց, որ մեր կողքին այսքան շատացան թափառական, անտուն մարդիկ, ինչպե՞ս պատահեց, որ այսպես հեշտացավ մարդու անկումը: Ահա և իմ մտասևեռումը, որ, նախախնամության կամոք, վերջապես գտավ իր թիրախին:
Ես հանդիպեցի նրան: Ընդամենը մեկին: Ընդամենը հազարից մեկին: Զբոսայգու ստվերոտ խորքում նստած էր, մեջքը ծառին հենած, մորուքը գզգզված, խռիվ, շորերը կեղտոտ… Իրականությունից ասես հիմնավորապես միջնորմված լիներ, հայացքը անորոշ մի կետի` նայում էր: Բարևեցի: Երկար ժամանակ չէր պատասխանում, պարապ հայացքը շրջել, ինձ էր նայում: Այդպես նայում են ծառին, քարին, հուշարձանին… Նայում ու կարծես բարևիս իմաստն էր ուզում ըմբռնել: Վերջապես ասաց. «Ծխելիք ունե՞ս»: «Չեմ ծխում»,- մի տեսակ մեղավորի նման արդարացա ես: Նա հայացքը շրջեց ու դարձյալ հայացքը նույն անորոշ կետին` նայում էր: Զարմանալի խելացի աչքեր ուներ, բայց զգացվում էր, որ հույսն այնտեղ վաղուց էր ցամաքել: Նրա այդ վիճակում գտնվելը ինքնին ենթադրել էր տալիս, որ կյանքը բեկվել էր իր հունի մեջ, և մարդն ու հուսահատությունը մի մարմնի մեջ գտել էին իրար: Դիմագծերը նուրբ էին, և անկումի խորհրդավորության մեջ նաև քաղաքակիրթ մի երանգ կար: (Հետագա մեր զրույցի ընթացքում ես զգացի, որ չեմ սխալվել): Մոտիկ մի քարի վրա տեղավորվեցի, ասացի. «Զրուցե՞նք»: Նորից ուշ պատասխանեց, ասաց. «Ինչի՞ մասին»: Ինքս էլ դեռ չիմանալով, թե իսկապես ինչի մասին էինք զրուցելու, կարճ ու անորոշ ձևակերպեցի. «Առհասարակ»: Հովի նման մի թեթև ժպիտ խաղաց դեմքին, ծալած ոտքն ուղղեց, ասաց. «Ծխել եմ ուզում»: Ասացի. «Ես` հիմա», ու մոտակա խանութից երկու տուփ ծխախոտ ու մի շիշ գինի բերեցի: Նույն թեթև ժպիտը դեմքին ինձ էր նայում, ասաց. «Առատաձեռն ես երևում, խեր ըլնի»: Շիշը անմիջապես ատամներով բացեց, մեկ քառորդը մի շնչով խմեց, սպասեց մի քիչ, հետո ծխախոտ կպցրեց, ասաց. «Լավ ենք ապրում, փորացավդ ասա»: «Հենց էնպես,- ասացի,- հայ քրիստոնյա ենք, խոսում ենք, էլի»: «Փիլիսոփայում ես,- ասաց,- ապահով կյանքի փիլիսոփայություն ես քարոզում: Ես փիլիսոփայությունից զզված մարդ եմ, իմ տեսակը հակացուցված է էս բարեպաշտ հասարակությանը, փորացավդ ասա»: Միտքը հստակ էր, և զգացվում էր, որ հայերենը առանձնապես չէր պղտորվել նրա կեցության ցեխաջրերում: Իր առաջ քաշած խաղի մեջ ներքաշվեցի, հարցրի. «Քեզ համար փիլիսոփայությունը որտեղի՞ց է սկսվում»: Պատասխանը, կարծես, բանաձևի նման ավարտուն ու հստակ, իր մտքում վաղուց պատրաստ ուներ, ասաց. «Այնտեղից, որտեղ ավարտվում է քո փիլիսոփայությունը»: Թեթև ժպիտը հիմա իմ դեմքին խաղաց, զրույցի նախնական ընթացքից գոհ էի, փոխադարձ վստահությունը, կարծես թե, ապահովված էր, ու նա անսխալ գուշակեց։ «Հասկանում եմ,- ասաց,- գրող, ժուռնալիստ մարդ ես, հարմար թեմա ես գտել` նյութ ես սարքում: Իմ չապրածով քո ապրուստի խնդիրն ես լուծում ու ճիշտ ես անում: Իմ անելիքը հիմա ո՞րն է լինելու»: Նորից գինի խմեց, աչքերն աստիճանաբար աշխուժանում էին, ծխախոտ կպցրեց ու անսպասելիորեն ասաց. «Պատմե՞մ»: «Ինչպես կուզես»,- փորձեցի չդիպչել իր ազատությանը: ՈՒ նա պատմեց.
«Սիրո շեմափայտին անակնկալ գայթեցի մի տարիքում, երբ, թվում էր, թե սիրո փորձությունը վաղուց պիտի շրջանցած լինեի: Դոկտորական ատենախոսության տքնանքում մտքիս տենդը, կարծես թե, նպատակային լարումով պիտի շիկանար, բայց մտասևեռումս ընթացքից շեղվեց, ու ես դեղնակտուցի հափշտակվածությամբ սիրո քուրայում խարկվեցի: ՈՒ չգիտեի, և որտեղի՞ց պիտի իմանայի, որ այդ լույսի շուրջը բիզոնների նախիր է շրջում: Թալանի համին ընկած ու խարդախության նկուղներում ճարպակալած այդ նախիրը տիրելու մի առանձնահատուկ կրքով էր քոքված. կոտոշ կոտոշի եկան ու անպատեհ մի ծուղակում ինձ կալմեջ արին` վերջնագրի սպառնալիքով` կամ հեռանում ես առանց ավելորդ քաջության, կամ կյանքդ հանձնում ես փորձության բնազդին: Բայց այդ տարիքում նախախնամության ընծան քամահրանքով չեն շրջանցում. վերջնագրի տապալող ոգին մտքիս հասնում ու սրտիս չէր հասնում, իմ մեջ մի բութ ու անըմբռնելի պատվախնդրություն էր արթնացել, և ես, սիրո ու սպառնալիքի արանքում, մոլորվեցի: Իսկ մոլորվածից ճիշտ քայլ մի ակնկալիր. այդ պահին սպառնալիքից խույս տալը լույսից խույս տալ էր նշանակում, բայց ես թիթեռի բնազդով դեպի լույսը գնացի: Եվ որովհետև կենդանաբանությունից թույլ ու բիզոնների վարքին անտեղյակ էի, իմ միամիտ խաղը դեռ միամտորեն խաղում էի: Ես ուշ հասկացա, որ նրանք ներել չգիտեն. նախիրն ինձ մինչև տարտարոսի արահետ հալածեց ու չհանգստացավ, մինչև որ ինձ չկործանեց:
Մի առավոտ սթափության խոհով արթնացա, բայց արդեն ուշ էր… Հոգատար մի ձայն եղածի մասին կնոջս մանրամասն տեղեկացրել էր: Նա չափազանց խոցված էր` արցունքը կուլ տալով գնաց: Նույն օրը երեկոյան հեռախոսով հնչեց նրա հոր հիասթափված ձայնը. «Ես էլ կարծում էի, թե աղջկաս տղամարդու եմ տվել»: Ես գլուխս կորցրել էի, ու սխալը սխալ ծնեց. մեծ գումար պարտք արեցի ու աղջկա հետ փախուստի ծրագիր կազմեցի, բայց հենց արկածի ճամփին էլ իմ խաղը վերջնականապես տանուլ տվեցի. մեր հետքի վրա ընկած բիզոնները խլեցին փողերս ու պատիվս… Ես միայն անկումից հետո հասկացա, որ կյանքն ընդամենը մեկ հատիկ բառ է` ԵԹԵ… Եթե ես ժամանակին պահը խոհեմաբար շրջանցած լինեի, այս ծառի տակ ընկած կռճոնը հիմա գիտությունների դոկտորի զնգուն փայլով ակադեմիայի ապահով սրահներում կճեմեր ու բարձր բաների մասին կերազեր: Բայց…»:
Նա խոր հոգոց հանեց ու լռեց: Ծխախոտը մատների արանքում հանգել էր, շպրտեց, գինու մնացած մասը քաշեց գլուխն ու մշուշոտ սևեռումով նայեց նույն անորոշ կետին: Ես տարակուսանքով նրան էի նայում, սիրո և արկածի այդ պարզունակ շփոթը ինձ համար անհասկանալի էր, և ես չդիմացա իմ մտածածը բարձրաձայն ու դեմերես ասելու գայթակղությանը. «Ձեր տարիքում, ախր, աղջկա համար դիրք ու պատկառանք ոտնատակ տալը…»: Նա շեշտակի ինձ նայեց ու կտրուկ ասաց. «Իմ զգացմունքները չվիրավորես, երևում է` քեզ համար էս կյանքում խորթ են եղել սիրո վեհությունն ու այդ սիրո համար պայքարող տղամարդու արժանապատվությունը»: Մի պահ լռեց ու բարձրաձայն խորհելու պես շարունակեց. «Մի իմաստուն ասել է. «Սերը նման է կարմրուկի, ինչքան ուշ է հայտնվում, այնքան վտանգավոր է»: Ինձ համար էր ասված` կարմրուկը գետնեց ինձ»: ՈՒ հայացքը դարձյալ շրջեց: Երկար ժամանակ լռություն էր, լռությունը դարձյալ ինքը խզեց, ասաց. «Ինչո՞ւ ես թաղած մեռելը հանում ու նորից թաղում: Եղել եմ, հիմա չկամ, հիմա մարդ չեմ, մարած հիշողություն եմ, հատուկ տեսակ, որն ունի մեկ անուն` անթաղ մեռել: Հիմա դու եկել ու հուշերիս մոխիրը քամուն ես տալիս, ու ինձ բան չի մնում, հասկանո՞ւմ ես, ինձ ոչինչ չի մնում: Դու դա կարո՞ղ ես հասկանալ: Չես կարող, որովհետև մեր գոյության չափումները տարբեր են, ուզես էլ` չես հասկանա: Նայիր,- ասաց,- էն ծառի տակ կողք կողքի լցված են, հարուստ անցյալով տղերք են, ամեն մեկը անկումի մի արահետով եկել հասել է էստեղ: Էստեղ հեշտ չեն գալիս, ընկնել-ելնելով, կռվելով ու մաքառելով են գալիս, բայց թե կյանքն իրենն անում է…»:
Մանկապարտեզի երեխաների խատուտիկ պարսը, ինքն իր մեջ խճճված, եկավ մեր կողքով անցավ ու անմեղության արահետով գնաց դեպի… Նա երկար նայեց հեռացող երեխաների հետևից, նորից ծխախոտ վառեց, կեսը ծխեց ու հոգոց հանելով` ամփոփեց. «Կյանքն ինչ է,- ասաց,- զգոնության թուլացման մեկ ակնթարթ, վրիպեցիր` հատակում ես: Բայց թե` Աստծո տվածի կողքին մարդ մի քիչ էլ ինքը պիտի լինի իր բախտի տերը: Թույլ մարդը Աստծո կողմից էլ է անիծված: Էս արևի տակ մարդ պիտի ուժեղ լինի: Միայն թե հասկանալն է դժվար` ո՞վ է ուժեղը, և ով` թույլը…»:
Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ